Բավ է պառակտվել
21-07-2021 12:17

Դատարանը փոխեց բժիշկ-ընդդիմադիր Արմեն Չարչյանի խափանման միջոցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի կայացած նիստին որոշում կայացրեց գրավի դիմաց ազատ արձակել հայտնի բժիշկ վնասվածքաբան Արմեն Չարչյանին։

Չարչյանը Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի համախոհներից։ Նա ձերբակալվել էր շուրջ մեկ ամիս առաջ ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեղադրանքով։

Պրոֆեսորի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով, Չարչյանի ձերբակալությունն անհիմն է, իսկ դատարանի որոշումը «նշանավորում է արդարության հաղթանակը»։

«Գրավը կազմում է 15մլն․ դրամ (մոտ 30,3 հազար դոլար)», - ասաց նա: Վարդևանյանը նշեց, որ Չարչյանը, ով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում, մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը:
Ինչու՞մ է մեղադրվում հայտնի բժիշկը
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է հունիսի 23-ին մի ձայնագրության հիման վրա, որում նա պահանջում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները մասնակցեն խորհրդարանական ընտրություններին ( 2021 թ. հունիսի 20-ին), հակառակ դեպքում կարժանանան «կոշտ» վերաբերմունքի:
Քննությունը կարծում է, որ Չարչյանն օգտագործել է պաշտոնական դիրքը՝ ստիպելով իր աշխատողներին ընտրություններին դեմ քվեարկել գործող իշխանությանը, սպառնալով հետագա ճնշումներով իր ղեկավարած բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից: Նա մեղադրվում է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու մեջ:
Ավելի վաղ 61-ամյա Չարչյանին վիրահատել էին առողջական խնդիրների պատճառով (նա ունի շաքարախտ և սրտի խնդիրներ), այնուհետև տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ: