Բավ է պառակտվել
04-08-2020 16:12

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին իրենց պաշտպանյալի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու միջնորդություն:
Սակայն դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։
Նշենք, դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները սակայն հրաժարվեցին ներկայացնել տեղեկանքները՝ պատճառաբանելով, թե այդ պարտականությունը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

 

 

Արմինե Գևորգյան