Բավ է պառակտվել
07-12-2018 17:31

Դատարանը որոշում է կայացրել կրկին կալանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Համաձայն դատարանի որոշման՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, տեղեկացրել է լրագրողներին նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել անփոփոխ թողնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումն, այսպիսով՝ նախկին նախագահը պետք է նորից կալանավորվի։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հաստատել է, որ դատարանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը։
Ինչպես ընդգծել է փաստաբանը, նրանք բոլոր հնարավոր ատյաններում և բոլոր հնարավոր եղանակներով բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը:
“Այս որոշումն աննախադեպ է իրավական ոլորտում խախտումների առումով․․։ Անկասկած, այն կայացվել է ճնշման տակ։ Դա բոլորին պարզ է”,- ասել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։ Սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի որոշումը և ազատ արձակել Քոչարյանին, հիմք ընդունելով նախագահին Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիության իրավունքը։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացրել ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն, այնպես էլ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։ Քոչարյանի պաշտպանները պահանջել են, որ Վճռաբեկ դատարանը քննության առնի ևս երկու հիմնավորում նախկին նախագահի կալանքի դեմ, մինչդեռ մեղադրող կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ վերացնել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության բողոքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Պաշտպանների հայցը Վճռաբեկ դատարանը մերժել է։