Բավ է պառակտվել
07-06-2019 11:31

Դատարանը որոշում է կայացրել կալանավորել մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանության զորքերի նախկին փոխհրամանատարին

Նախօրեին դատարանը որոշում է կայացրել բավարարել հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և կալանավորել Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի նախկին փոխհրամանատար Գեղամ Պետրոսյանին՝ մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ակցիաների ընթացքում կատարված սպանությունների քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է հատուկ քննչական ծառայության մամլո քարտուղար Մարիա Օգանջանյանը:

“2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (ապնություն) նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Երեկ դատարանը որոշում է կայացրել բավարարել միջնորդությունն”,-ասել է նա։

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Սահմանադրական դատարանը 2008-ի ընտրությունները ճանաչել է լեգիտիմ: Հայտարարվել է, որ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86 տոկոսը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոս: