Բավ է պառակտվել
14-06-2021 13:20

Բաքվում դատարանը գերեվարված լիբանանահային դատապարտել է 20 տարվա բանտարկության

Բաքվի դատարանը հրապարակել է գերեվարված լիբանանահայի գործով որոծումը, ում Ադրբեջանում մեղադրում են «վարձկանության» և «ահաբեկչության» մեջ:
Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է Sputnik Ադրբեջանը:

Դատարանի դատավճռի համաձայն, Էուլջեքչյանն առաջին հինգ տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Պետական մեղադրողը պահանջել է դատապարտել նրան 20 տարվա ազատազրկման։
Նշենք, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և

Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։ Էուլջեքչյանից բացի, Բաքուն մտադիր է շինծու գործերով դատել նաև մյուս գերեվարված հայերի։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել ՝ դատապարտելով Ադրբեջանում անօրինական կերպով պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը: Արտաքին գործերի նախարարությունը շեշտել էր, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Արտաքին գործերի նախարարությունը Բաքվից պահանջել էր անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված հայերին: