Բա՛վ է պառակտվել
13-05-2019 18:26

Քոչարյանի դատավարությունը մեկնարկեց լարված պայմաններում՝ Քոչարյանը դատարում էր

Այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը։ Այս նիստում բացառապես քննարկվելու է խափանման միջոցի հարցը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Բայց մինչ դատական նիստի մեկանարկը իրավիճակը բավականին լարված էր դատարանի պատերից դուրս:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վանկարկում էին «Ազատություն», իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բղավում էր «Ռոբի´կ, սրիկա, Ռոբի´կ, մարդասպան»: Վիճաբանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակցի և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջև։ Աջակիցները թույլ չէին տալիս, որ Սեդա Սաֆարյանը մտներ դատարանի դահլիճ:

Դատական նիստը մեկնարկեց, և սույն գործով մեղադրվողներից Ռոբերտ Քոչարյան էր միայն ներկա: Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ՝ ծանուցել էր միայն նրան և մեղադրող դատախազներին:

Նիստին ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,ով նիստերի դահլիճ մուտ գործեց դատավորի ծառայողական մուտքից: Այստեղ փաստաբան Ալումյանն էլ իր հերթին բարձրաձայնեց այն հարցը, թե ի՞նչու է դատավորի ծառայողական մուտքից մտել գլխավոր դատախազը։

Այս հանգամանքն ըստ նրա՝ վկայում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորը պարտավոր չէ հետևել, թե ով որտեղից է մտնում նիստերի դահլիճ և հավաստիացրեց, որ նախքան նիստի մեկնարկը չի զրուցել գլխավոր դատախազի հետ։

Ալումյանը նշեց նաև,որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի։ Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը փաստարկեց, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Այդուհանդերձ, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 14–ին: