Բավ է պառակտվել
06-08-2020 15:55

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է նախկին նախագահի և իր փաստաբանի բացակայության պատճառով

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց նրա և իր փաստաբան Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով:

Դատարանին ներկայացված պարզաբանման մեջ ասվում է, որ Մակինյանը բացակայում է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածի պատճառով․ նա թեստ է հանձնել, բայց պատասխանը դեռ չի ստացվել, ուստի չի կարող ներկայանալ նիստին:

Իսկ Սարգսյանի բացակայության պատճառն այն է, որ, փաստաբանների կարծիքով, երկրում առկա համաճարակաբանական իրավիճակում դատական նիստեր անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան:

Դատարանն ընթերցեց երկու պարզաբանումները և որոշեց, որ Մակինյանի բացակայության պատճառը հարգելի է, իսկ նախկին նախագահի բացակայության պատճառաբանությունն անհիմն է: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց պատժամիջոցներ չկիրառել պետության նախկին ղեկավարի նկատմամբ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին:

Քրեական գործի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու կամ վատնելու մեջ (շուրջ 489,2 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 միլիոն դոլար), իսկ նախկին նախագահ Սերժ Սարսյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը մեղադրվում են այս հանցանքին մասնակցության մեջ:

Նշված միջոցները հատկացվել էին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից որպես սուբսիդիա գրեթե 15,4 միլիոն լիտր դիզելային վառելիք գնելու համար: