Բավ է պառակտվել
25-06-2019 14:00

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործի քննությունը: Գրիգորյանին դատական նիստերի դահլիճ են բերել անվասայլակով: 

Հարցին, թե ինչպե՞ս է, Գրիգորյանը պատասխանեց. <<Գրեք՝ լավ>>։
Ի դեպ մի փոքր ավելի ուշ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է ,ու նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրել է որպեսզի բժիշկը գտնվի նիստերի դահլիճում եւ նրան թթվածին տրամադրվի: Դատարանը փորձել է ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասել են , որ դրա անհրաժեշտությունը չկա:
Պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց սույն գործով նիստերը անցկացնել դռնփակ հիմնավորելով, որ առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:
<<Այդ տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից>>,-ասաց պաշտպանը:
Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն իր ծավալով ամբողջութամբ չի կարող վկայել այն մասին, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Նա նկատեց, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը ժամանակվրեպ է եւ անհիմն ուստի խնդրեց դատարանին մերժել այն:
Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացված միջնորդությունը:
Նիստը շարունակվեց դռնբաց, այս անգամ էլ պաշտպան Արսեն Մկրտչյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ կրկին վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը: Բժիշկի հետ խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ այն նշանակելով հուլիսի 2-ը:
Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։

 

Արմինե Գևորգյան