Բավ է պառակտվել
16-10-2019 14:35

Քոչարյանի դատը հետաձգվեց,նա դեռ երկու շաբաթ կմնա հիվանդանոցում

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությունն այսօր տևեց ընդամենը մի քանի րոպե: Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գրություն-հիմնավորումը՝ դատական նիստերին Քոչարյանի մասնակցության անհնարինության մասին:
«Ներկայումս հետվիրահատական-վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» ԲԿ-ում շարունակվում է: Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում (կապված վերականգնողական բուժման ընթացքից եւ արդյունավետությունից) Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ»:
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց տեղափոխվել էր հոկտեմբերի 8-ին, վիրահատվել՝ հոկտեմբերի 9-ին: Մինչ այդ՝ երկու անգամ հետազոտվել էր նույն կենտրոնում: Կոնկրետ ինչ առողջական խնդիր է եղել, պաշտպաններից Հայկ Ալումյանը չի հստակեցնում:
«Չենք կարող ձեզ ներկայացնել: Ես անգամ իրենից չեմ հարցրել՝ կարելի՞ է ներկայացնել, թե՞ չէ: Պարոն Քոչարյանն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջանը լավ է անցնում: Պարզապես դուք բոլորդ երեւի պատկերացնում եք, որ կան վիրահատությունից հետո վերքեր, որոնք դեռ չեն լավացել: Շուտով հույս ունենանք կլավանան եւ պարոն Քոչարյանը կգա նիստի»:
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներին՝ դատարանին ներկայացված այս հիմնավորումը վստահություն չներշնչեց: 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը համոզված է՝ ցանկության դեպքում Քոչարյանը կարող էր ներկա գտնվել դատական նիստին:
«Նույն հիվանդությամբ վիրահատվել եմ: Վիրահատությունը տեւում է 20 րոպե եւ երրորդ օրը դուրս են գրում հիվանդանոցից: Ի՞նչ է նշանակում, որ պետք է 3-4 շաբաթ բուժզննում անցնի: Միտումնավոր ձգձգում են»:
Ամեն դեպքում, դատավորը որոշեց հետաձգել նիստը եւ պատճառը միայն Քոչարյանի բացակայությունը չէ: «Հաշվի առնելով, որ պարոն Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել այսօրվա դատական նիստը հետաձգվում է: Դատարանը հաշվի է առնում նաեւ այն, որ նախորդ դատական նիստերից մեկում բավարարել է Սեյրան Օհանյանի միջնորդությունը եւ թույլ է տվել վերջինիս բացակայել ՀՀ-ից հոկտեմբերի 18-ից մինչեւ նոյեմբերի 4 ներառյալ:
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանն, ի դեպ, Հայաստանից բացակայելու է կրկին առողջական խնդիրներից ելնելով: Այս դեպքում մեկնելու է Գերմանիա՝ պրոթեզավորման խնդիրները լուծելու համար:
Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 13.00-ին:

 

Արմինե Գևորգյան