Բավ է պառակտվել
28-09-2021 20:36

Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին կարգելվի տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է տաքսու վարորդ աշխատել և ուղևորափոխադրումներով զբաղվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար չմարված դատվածությամբ անձանց:

Համապատասխան դրույթն առաջարկվում է ամրագրել Աշխատանքային օրենսգրքում առանձին հոդվածով:

Նախագահի հանձնարարականով տրանսպորտի նախարարության կողմից մշակված փաստաթղթերի փաթեթով առաջարկվում է արգելել տաքսիների և վերգետնյա տրանսպորտի վարորդի աշխատանքը նրանց համար, ովքեր դատվել են վտանգավոր հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, առևանգումը, կողոպուտը, թալանը, բռնաբարությունը, սեռական բնույթի բռնի գործողությունները, ահաբեկչություն և այլն:

Սա կվերաբերի ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում դատապարտվածներին։:

Այլ օտարերկրացիների համար սահմանափակումներ չեն մտցվում, քանի որ դատվածություն ունենալու դեպքում նրանք առանց այդ էլ չեն կարող արտոնագիր կամ աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում, ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ:

Արդեն աշխատող տաքսիների և հասարակական տրանսպորտի վարորդները պետք է մինչև 2023 թվականի մարտի 1-ը գործատուին ներկայացնեն դատվածության բացակայության մասին տեղեկանք։