Բավ է պառակտվել
30-03-2023 14:34

Սուրենյանը հայտնել է, թե երբ ցիկլոնը կհեռանա Հայաստանից

Ապրիլի 2-ի առավոտյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից, և ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճան տաքության և կպահպանվի մինչև ապրիլի 4-ը։ Այս մասին հինգշաբթի ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ պայմանավորված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ։

«Սկանդինավյան ցիկլոնին առաջինն արձագանքել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերը և Կոտայքի մարզի նախալեռները, օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ արդեն իջել է 10-12 աստիճանով։ Վաղը ցիկլոնի ազդեցությունը կուժեղանա, հատկապես ժամը 16:00-ից հետո, այսինքն՝ կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով»,- ասուլիսում ասաց Սուրենյանը։

Ըստ նրա՝ մարտի 30-ին և 31-ին օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի 6-8 աստիճանով։

Այդուհանդերձ, ինչպես նշել է երկրի գլխավոր օդերևութաբանը, 2018 թվականից ի վեր ընթացիկ մարտ ամիսն ամենատաքն է եղել։

«Օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-5 աստիճանով, իսկ տեղումները՝ նորմայի սահմաններում։ Սակայն սկանդինավյան ցիկլոնի ներթափանցումից հետո հանրապետության շատ շրջաններում տեղումների մակարդակը մարտի 30-ից նորմայից բարձր կլինի»,- նշել է Սուրենյանը։

Նա ասաց, որ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մարտին Արարատյան դաշտում արձանագրվել է ծիրանենու՝ 18-20 օր շուտ ծաղկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արարատյան դաշտում ապրիլի 2-ի գիշերը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից մինուս 2 աստիճան, իսկ հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։