Բավ է պառակտվել
18-12-2020 12:36

“Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու”․Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոչ է անում համախմբվել, որպեսզի թույլ չտրվի հայկական ուժերի նահանջը Սյունիքում։

Հայաստանի Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատևյանը հայտարարել է, որ շուտով կվերադառնա Հայաստան “Սյունիքն ու նրա բնակրչներին պաշտպանելու համար”։

Նախկին պաշտոնյան գրել է ֆեյսբուքի իր էջում, որ պահն օրհասական է, կա մարզը ամբողջովին կորցնելու սպառնալիք։

“Սյունիքը դեռևս 1988թ֊ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին”,- կոչ է անում սկանդալային նախկին մարզպետը։

Իր գրառման վերջում Խաչատրյանը նշում է, որ երկու օր առաջ վիրահատվել է և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա խոստանում է շատ շուտ միանալ սյունեցիներին:

“Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու”, - գրում է նա:

Սյունիքի նախկին մարզպետի անունը բազմիցս հայտնվել է տարբեր կրիմինալ պատմություններում: Դրանցից ամենաաղմկոտը 2013-ի հունիսին Ավետիք Բուդաղյանի սպանությունն է: Սպանված տղամարդու եղբայրն, այժմ բանակային կորպուսներից մեկի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր: Սպանության մեջ մեղադրվել էր Խաչատրյանի որդին: Վերջինս ձերբակալվել էր, բայց մի քանի ամիս անց ազատ արձակվել:

«Թավշյա հեղափոխությունից» հետո Սուրիկ Խաչատրյանը հեռացավ Հայաստանից:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի գյուղապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ ասել էր, որ Կապանի հատվածում նախկինում զբաղեցվաժ դիրքերից հայկական ուժերի նահանջի արդյունքում 12 գյուղ ու Կապան քաղաք կհայտնվեն թշնամու անմիջական թիրախում: Խոսքը, մասնավորապես, Դավիթ-Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղերի մասին է։