Բավ է պառակտվել
19-09-2022 12:17

Ադրբեջանի հարձակման պատճառով Հայաստանում ավելի քան 30հազ․ երեխա չի կարողանում հաճախել դպրոց և մանկապարտեզ

Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով 24873 դպրոցական զրկված է սովորելու հնարավորությունից, 5808 նախադպրոցական չի կարողանում հաճախել մանկապարտեզ, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Լուրջ խնդիրներ են առաջացել նաև արտադպրոցական կրթության հաստատություններում՝ քոլեջներ, ուսումնարաններ և այլն, խոսքը 172 դպրոցի և 69 մանկապարտեզի մասին է»,- ասաց նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հանրային քննարկումների ժամանակ։

Դումանյանը հայտնել է, որ վնասվել են Գեղարքունիքի մարզի երկու դպրոցի շենքերը (Սոթքի ավագ դպրոց և Այրքի հիմնական դպրոց)։ Նա վստահեցրել է, որ նախարարությունը հետևում է իրադարձություններին, և երեխաները կրկին սովորելու հնարավորություն կստանան։

«Տարբեր մեթոդներ ունենք, այդ թվում՝ հեռավար, քննարկումներ են ընթանում։ Այժմ տեղեկություններ ենք հավաքում կրթության ոլորտում բոլոր կորուստների մասին՝ նյութական, դպրոցների վիճակի մասին։ Մենք կամփոփենք այդ տվյալները և կդիմենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի նման վայրագությունները պատշաճ գնահատականի արժանանան»,- նշել է նա։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 135 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է Ադրբեջանի կողմից գերեվարված առնվազն 10 զինծառայողի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։