Բավ է պառակտվել
16-06-2021 14:56

Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից մուրճ թափահարելուն և հանրահավաքներում քաղաքացիների հասցեին սպառնալիքներ հնչեցնելուն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված նախօրդ օրը Սյունիքի մարզում վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք հակասական հարցերի հետ:
Նախօրեին Փաշինյանի գլխավորությամբ ավտոշարասյուն է մեկնել Երևանից Սյունիք, մի շարք գյուղերում և քաղաքաներում կայացել են հանդիպումներ ընտրողների հետ։ Ելույթների ժամանակ Փաշինյանը պարբերաբար թափահարել է գունավոր ժապավեններով կապված մուրճը, կոչ անելով քաղաքացիներին տալ իրեն «պողպատե մանդատ» և նախազգուշացնելով խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո իշխանության տեղական մարմիններում մաքրումներ իրականացնելու մտադրության մասին։
Թաթոյանի ֆեյբուքյան էջում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը՝

1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն):
Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Հաշվի առնելով Ոստիկանության ուղիղ ենթակայությունը ՀՀ վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար: Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ:

2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:
Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ Վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու հարցերում իրավասություն:

Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ Վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայական միջամտությունների հետ:

Օմբուդսմենի հայտարարությունում նշվում է, որ նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ: