Բավ է պառակտվել
12-11-2021 09:55

Թաթոյանը զգուշացրել է հումանիտար սպառնալիքի մասին Սյունիքում՝ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո

Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային հսկողություն սահմանելու Ադրբեջանի անօրինական գործողությունները Սյունիքի մարզում հանգեցրել են հումանիտար լուրջ խնդիրների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ին ժամը 24:00-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվոն մաքսակետեր։ Հայաստանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածով շարժվող քաղաքացիներին և բեռնափոխադրումներ իրականացնողներին ուղղորդել Կապան-Աղվան-Տաթև-Հալիձոր-Շինուայր ​շրջանցիկ ճանապարհով։

“Լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով: Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ”,- գրել է Թաթոյանը:
Որպես օրինակ նա հայտնել է, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:
Նա նշել է նաև դպրոցներում երեխաների ուսուցման կազմակերպման հետ կապված խնդիրները։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիսում բնակվող և Բարձրավանում ու Կապանում դասավանդող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց:
“Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները”,- գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզում իրական վիճակի մասին զեկույցները կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին: