Բավ է պառակտվել
18-06-2020 12:52

Այդ դիմակն է, որ քեզ պիտի զարդարե․Կտորի դիմակները օգտակար չեն


Այս ամիս ՏՄՊՊՀ –ն կավարտի դիմակների շուկայում ուսումնասիրությունը, ու եթե հաստատվեն համաճարակի օրերին գնային չարաշահումների դեպքեր, մեղավորները կպատժվեն:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացառում եմ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով: Այո՛, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, ներմուծման արժեքն է ցածր եղել, համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Իսկ մինչ այդ բժշկական դիմակների գները Հայաստանում նվազում են։ Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով` այս պահին խոշոր դեղատնային ցանցերում տեղական բժշկական եռաշերտ դիմակները վաճառվում են 100 դրամով, ներմուծվածները՝ մինչև 150 դրամով:
«Երկու տեղական արտադրող ընկերություններ էլ գինը նվազեցրել են: Այսօր նոր խմբաքանակը, որ ստանանք, արդեն 2 դիմակի գինը կլինի առավելագույնը 15 դրամ, այսինքն՝ 1 դիմակը՝ 75 դրամի շրջանակներում: Դրանք ստերիլ փաթեթավորված են ու հարմար են օգտագործման համար»,- ասաց Գևորգյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց, որ դիմակ դնելը պարտադիր դարձնելու որոշումից հետո ՀՀ կառավարությունը թույլ տվեց ֆինանսական խնդիրներ ունեցող քաղաքացիներին դնել ինքնաշեն դիմակներ:
«Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Մենք խնդրում ու կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է` կրել սովորական բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում: Կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական սեգմենտով պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասաց Թորոսյանը:
Դիմակների թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասելով ․«Դիմակ չկրելու կոնտեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվելուց, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակելու: Մեր հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը:

 

 

Արմինե Գևորգյան