Բավ է պառակտվել
22-11-2022 13:36

Հեռախոսային խաբեբաների ուշադրության կենտրոնում են ԱՊՀ երկրների ռուսալեզու անձինք

Մերձավոր արտերկրների՝ Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի ռուսախոս բնակիչներին խաբելու համար հեռախոսային խաբեբաներն օգտագործում են ռուսաստանցիների նկատմամբ կատարված խարդախությունների արդյունքում կատարելագործված մեթոդներն: Այս մասին հայտնում է ռուսական Известия պարբերականը՝ հղում անելով Համառուսաստանյան ժողովրդական ճակատի «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծին։

Այս միտումը հատկապես նկատելի է Ղազախստանում, քանի որ այս երկրում ռուսաց լեզուն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի և լայնորեն տարածված է, ընդգծել է ՀԺՃ-ում։

«Չարագործների նպատակն է ընդլայնել իրենց գործունեությունը և ավելացնել գողացված գումարի չափը։ Այդ պատճառով, երբ ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ սկսեցին կիրառվել, և փողի դուրսբերումն ավելի դժվարացավ, խաբեբաներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վրա, որտեղ սկսեցին աշխատել անսխալ գործող սխեմաների և սցենարների համաձայն»,- ասել է «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծի ղեկավար Եվգենիա Լազարևան։

Ըստ խարդախության ամենատարածված սցենարներից մեկի՝ չարագործը զանգահարում է զոհին և ներկայանում որպես բանկի անվտանգության մասնագետ: Նա հայտնում է, թե իբր բանկը դիմում է ստացել, որպեսզի փոխվի նրա «ֆինանսական հեռախոսահամարը», այսինքն՝ այն հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին կամ հաշիվներին։ Եթե ​​տուժողն ասում է, որ ինքը նման դիմում չի ուղարկել, չարագործը զոհին համոզում է «ոստիկանական հատուկ հետաքննության» շրջանակում ինչ–որ գործողություն կատարել, որի շնորհիվ էլ իրագործում է իր խարդախ պլանը։

Մեկ այլ տարածված սցենարի դեպքում տուժողին զանգում և հայտնում են, որ ինչ-որ մեկն իր անունով վարկ է վերցրել, և այն չեղարկելու համար անհրաժեշտ է նույն չափով այլ վարկ վերցնել և գումարը փոխանցել «ապահով հաշվեհամարին», որը, ինչպես և կարելի է ենթադրել, պատկանում է չարագործին։

Ղազախստանի Ազգային բանկը նշում է երկրում հեռախոսային խաբեբաների ակտիվացումը, ինչը «Իզվեստիա»-ին հաստատել են բանկի մամուլի ծառայությունից։ Նրանք հավելել են, որ Ազգային բանկն, իմանալով խնդրի մասին, պարբերաբար պարզաբանումներ է անում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, տեղեկացնում բնակչությանը, որ չի սպասարկում ֆիզիկական անձանց հաշիվները, կանխիկ հաշվարկներ չի կատարում քաղաքացիների հետ և ներդրումներ չի ներգրավում։

Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը «վիշինգի» հետ առաջին անգամ բախվել է 2019 թվականի փետրվարին, հայտնել են «Իզվեստիա»-ին բանկի մամուլի ծառայությունից։ Նրանք հայտնել են, որ հարձակվողները զանգահարել են հաճախորդներին և, ձևանալով բելառուսական բանկերի (այդ թվում՝ Ազգային բանկի) անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, տարբեր պատրվակներով խնդրել են տրամադրել անձնագրի տվյալները, քարտի տվյալները և հաճախորդի բջջային հեռախոսին ստացված ծածկագրերը։