Բավ է պառակտվել
14-09-2021 11:38

Ահաբեկում են Հայաստանի բնակիչներին և, հայ ներկայանալով՝ գումար շորթում իրանցիներից

Սյունիքի մարզում Որոտանի ճանապարհին ադրբեջանական հենակետի, զինված ծառայողների, արգելապատնեշների և տեսախցիկների տեղադրումն անօրինական է: Այն պետք է ապամոնտաժվի, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա հայտնել է, որ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: ՄԻՊ գրասենյակն այնտեղ բացահայտել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

Ըստ օմբուդսմենի տեղեկեթյունների, ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ, որոնցից 8-ը վերահսկում են ճանապարհը, գրանցում քաղաքացիական բնակչության տեղաշարժը, ավըոմեքենաների պետհամարանիշները, վարորդների և ուղևորների դեմքերը։ նա ընդգծել է, որ փաստորեն, իրականացվում է քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրում՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: Խոսքը գնում է մարդու մասնավոր կյանքին ու երթևեկողների անվտանգությանը բացահայտ անօրինական միջամտության մասին:

Բացի այդ, հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ սա բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք:

Թաթոյանը հայտնել է, որ հենակետի հարևանությամբ տեղադրված են արգելապատնեշներ, ադրբեջանցիներն առանց որևէ օրինական հիմքերի կանգնեցնում են այդ ճանապարհով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ։

Նրա տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողները պահանջում են վարորդներից փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Մասնավորապես, իրանական վարորդները վճարել են մի դեպքում ՀՀ 3,000 դրամ, այլ դեպքերում՝ 10,000 դրամ, 50 կամ 120 ԱՄՆ դոլար։ Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները իրանական վարորդներին ներկայանում են որպես հայ։

«Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները և որոնց անմիջական հարևանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով՝ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013թ. օրինական վկայականով:

Ադրբեջանական զինված ուժերը նշված անշարժ գույքին տիրացել են պատերազմից անմիջապես հետո պատերազմի սպառնալիքով հայտնվելու հետո՝ ՀՀ նշված քաղաքացուն՝ գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքով և ընդամենը մի քանի ժամ տալով գույքը թողնելու համար: Մինչ օրս էլ ՀՀ քաղաքացուն իր օրինական իրավունքից բացահայտ անիրավաչափ զրկելու համար որևէ հատուցում նրանք չեն տվել, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել:

«Այսպիսով, ադրբեջանական զինված ծառայողների նշված բոլոր արարքները, այդ թվում՝ կապված ոստիկանական հենակետի հետ, առաջացնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Դրանք բնույթով քրեորեն պատժելի են և զուրկ են որևէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով»,- գրել է ՄԻՊ-ը։

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել նաև, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հաղորդագրությամբ ստեղծված վիճակի մասին տեղեկացրել է մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):