Բավ է պառակտվել
11-05-2022 12:52

«Տիգրանաշենը երբեք անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է»․ Հայաստանի նախկին ՄԻՊ-ն ապացույցներ է ներկայացրել

Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մի շարք պատմական փաստեր Հայաստանի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մասին։

Մայիսի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»։ Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդրի լուծման հնարավոր տարբերակը, ասելով «Հայաստանի անկլավները մնում են Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, մնում են ՀՀ-ին»։

«Գյուղը (Տիգրանաշենը՝ խմբ․) անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է)»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա պարզաբանել է, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:
«Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը»,- գրել է նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
«Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին»,- հավելել է նա::
Թաթոյանը շեշտել է, որ պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը: