Բավ է պառակտվել
04-12-2019 15:50

Թող պարզեն՝ ո՞վ ա սպանել իմ թոռանը․ բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ

Օրերս մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները այսօր բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պնդում էին, որ Արթուրը ինքնասպանություն չի գործել, այլ սպանություն է եղել։ Մասնավորապես, դիահերձման ժամանակ տղայի մարմնի վրա հայտնաբերվել են հին ու նոր կապտուկներ։ Հարազատները հարցնում են՝ ի՞նչ գործ ունեն կապտուկները ինքնասպան եղած մարդու մարմնի վրա։
«Ոչ մեկս, ոչ մի քայլ, ոչ մի տեղ չենք գնալու, մինչև մեզ ռեալ պատասխան չտան՝ ի՞նչն է մեր զինվորի մահվան պատճառը։ Պարզից պարզ է, որ շուտվա դեպքեր ա եղել, ու էսօր իմ թոռից վրեժը լուծել են։ Թող պարզեն՝ ո՞վ ա սպանել իմ թոռանը, ուրիշ վարկածներ չկպցնեն, յանի ինքնասպան ա եղել»։
Մահացած զինվորի պապի խոսքով՝ թեև Արթուրն անմիջապես իրեն չի բողոքել ծառայությունից, բայց իր բարեկամի տղային ասել է, որ խուսափեն ծառայությունից, քանի որ դա իրենց տեղը չէ։
Զինվորի ծնողների հետ հանդիպեցին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով տեղեկացրեց, որ իրեն հայտնի է դարձել, որ որակված է սպանություն, եւ քննություն է ընթանում:
Քոչարյանն ասաց, որ լարվածությունն առաջացել է մամուլում չճշտված լուրի հրապարակումից հետո, որտեղ նշվել էր, թե ինքնասպանություն է գործել զինծառայողը. «Երբ որ չիմացած բանին որակում են տալիս՝ սենսացիաներ ման գալով, հարազատների հոգեկան աշխարհը խառնվում է, երբ որ իրականում այդպիսի բան չկար»:
Դիտարկմանը, թե զինծառայողի հարազատներն ասում են՝ բռնության հետքեր կան, Քոչարյանն արձագանքեց. «Այո՛, բռնության հետքեր կան, դա արձանագրված է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: