Բավ է պառակտվել
11-12-2019 17:37

1 տոննա չուգուն հերոինի դիմաց․ հանցավոր գործարք Երևանում

56-ամյա տղամարդը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։

Քննաչական ծառայությունում քննություն է տարվում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 56-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Վարշավյան փողոցում մի քանի անգամ 1973թ. ծնված ծանոթին գումարի դիմաց ապօրինի իրացրել մի քանի գրամ հերոին տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, 56-ամյա տղամարդը 2019թ. դեկտեմբերի 4-ին, նույն հասցեում 1973թ. ծնված տղամարդուն 1 տոննա չուգունի դիմաց ապօրինի իրացրել է “հերոին” տեսակի թմրամիջոց, որի մի մասը վերջինս նույն օրը գործածել է, իսկ մնացած խոշոր չափերով՝ ընդհանուր 0.293 գրամ քաշով հերոինը պահել է իր մոտ։ Թմրամիջոցը նույն օրը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տղամարդու մոտից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1963 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով թմրանյութերի կամ հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառություն)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումն, իսկ 1973թ. ծնված տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: