Բավ է պառակտվել
30-07-2022 00:38

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռի վթարի պատճառով


Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռի վթարի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Վրաստանի ՆԳՆ-ին և ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին հղումով։

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտնել էր, որ Գուդաուրի լեռնային հանգստավայրի մոտ կործանված ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի ենթարկված դելտապլաներիստներին փրկելու գործողության ընթացքում սահմանապահ ծառայության ուղղաթիռը կորցրել է կառավարումը և վայր ընկել։

Ռուս-վրացական սահմանին տեղակայված Վերի Լարսի անցակետը գտնվում է Ստեփանծմինդա – Լարս մայրուղու վրա, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է: