Բավ է պառակտվել
16-12-2021 20:11

Պահանջում ենք հանրային ներողություն Արայիկ Հարությունյանի կողմից, «Այբ» կրթական հիմնադրամը անհիմն վարկաբեկելու համար

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այբ» կրթական հիմնադրամը:
«Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտնի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել:

Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբ»-ի նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբ»-ում չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները։ «Այբ» համայնքը այսպիսի պայմաններում ոչ միայն պայքարել է իր անվան և իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլև առանց կանգ առնելու, հետևողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել և զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության և Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով: Հարկ է արձանագրել, որ Արարատյան բակալավրիատն առ այսօր միակ հայալեզու կրթական ծրագիրն է, որն ունի միջազգային ճանաչում և համարժեք է բրիտանական A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին: Ցավոք, ՀՀ ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և

Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու: Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության և «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողություններն»,- ասվում է հայտարարությունում:
Թեմային է անդրադրաձել նաև հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, ով գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր «Այբ» հիմնադրամը տարածել է կարևոր հայտարարություն, որով ևս մեկ անգամ հաստատվում է, որ նախկին ԿԳՄՍ նախարար, իսկ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծավալած ողջ արշավը հիմնադրամի դեմ պարզունակ զրպարտություն էր, հիմնված տվյալ անձի կողմից իրականության մասին աղճատված պատկերացումների վրա»։

Նա նշել է, որ այդ գործողությունների արդյունքում հիմնադրամը զգալի բարոյական և նյութական վնասներ է կրել, իսկ մեր երկրի հազարավոր պատանիներ մի քանի տարով զրկվել են «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով սովորելու հնարավորությունից և հույս հայտնել, որ «ապագայում այլևս երբեք նորաթուխ «քաղաքական գործիչները» չեն փորձի ինքնակայանալ առաջատար կրթական հաստատություններին վնաս տալու վրա»։