Բավ է պառակտվել
02-07-2021 17:16

Ջրի որակի մասին ահազանգեր Երևանում։ Փակվել են մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի մանկապարտեզները

Երևանի բնակիչներն ահազանգում են խմելու ջրի որակի վատացման մասին, ոմանք անգամ կարծում են, որ ջուրը թունավորված է։

Ի՞նչ է պատահել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ջրի հետ
Ինչպես հայտնում է aysor.am -ը, Քանաքեռ-Զեյթունի մի քանի մանկապարտեզի սսաների ծնողներ ֆեյսբուքի համապատասխան էջերում գրում են, որ մանկապարտեզների աշխատակիցները խնդրում են երեխաներին տուն տանել, քանի որ «ջուրը վարակված է»։
Նշվում է, որ սոցցանցերում նման հաղորդագրոթյունները հայտնվել են այսօր, սակայն, ըստ ծնողի՝ խմբի երեխաներն արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են գլխացավերից, փորլուծությունից և ջերմությունից։
Վարչական շրջանի ղեկավարության արձագանքը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում բնակիչներին ուղղված հայտարարություն են տարածել այն մասին, որ այսօր առավոտյան մի քանի բնակչից ահազանգ է ստացվել, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն։
Նշվում է, որ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները կապվել են ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերության հետ և փոխանցել ահազանգը:
«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը», - նշված է հայտարարության մեջ:
Իրավիճակն Առինջում
Խմելու ջրի որակի հետ կապված ահազանգեր են ստացվել նաև Առինջ համայնքից (Երևանի հետ սահմանակից Կոտայքի մարզ՝ խմբ․)․ բնակիչները բողոքում են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման։
Այս ահազանգերին արձագանքել է համայքի ղեկավարությունը, առաջարկելով բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը:
Պատասխանատու գերատեսչությունների մեկնաբանությունները
Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է aysor.am -ին, որ ջրի թունավորման մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Նա պարզաբանել է, որ առկա են ջրատարի վթարի հետ կապված խնդիրներ, սակայն թունավորման մասին խոսք չկա։ Մանկապարտեզներին առաջարկվել է չօտագործել ծորակի ջուրը։
Հայաստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ տեղում իրականցվում են աշխատանքներ ահազանգերի ստուգման ուղղությամբ։ «Հաստատվելու կամ հերքվելու դեպքում նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ»,- վստահեցրել է նա։
«Վեոլիա ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը պարզաբանել է, որ ահազանգերի պատճառը ջրի գույնի փոփոխությունն է: «Մենք ստուգումներ ենք անցկացնում», - ասել է նա: