Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարում է Իրանից ներկրված 10 կգ ընդհանուր քաշով հերոինի, մարիխուանայի և մետամֆետամինի մաքսանենգության գործով երեք կասկածյալի կալանավորման մասին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացին, Սյունիքի մարզում փաստացի բնակվող 32-ամյա տղամարդու հետ նախնական պայմանավորվածությամբ, 2023թ. մայիսի 18-ին և 19-ին, մաքսանենգ ճանապարհով ԻԻՀ-ից ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցներ:
Սյունիքի բնակիչը ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին հարակից տարածքից վերցրել է ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և այն պահել է ՀՀ-ԻԻՀ սահմանին հարակից տարածքում՝ թաքստոցում:
Ապա, իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նա ներգրավել է Քաջարան քաղաքի երկու բնակչի, ովքեր «TOYOTA» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել են Մեղրի, թաքստոցից վերցրել թմրամիջոցով լցված տոպրակները, տեղավորել ավտոմեքենայում։ Վերադառնալիս, օպերատիվ տվյալներ իրացնելու արդյունքում, ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից, որում հայտնաբերվել և վերցվել է ակնհայտորեն 10 կիլոգրամը գերազանցող 2 պոլիէթիլենային տոպրակ:
Սյունիքի Վվրոնշյալ երեք բնակիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հանցակցության և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության փորձի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկոմ` պահեստային անվադողի համար նախատեսված տեղում, հայտնաբերվել է երկու հատ պոլիէթիլենային տոպրակ՝ «Մարիխուաննա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներով, երկու հատ ատրճանակ, 110 փամփուշտ, ինչպես նաև՝ 0,1 գրամ չոր, կանաչ գույնի կանեփանման զանգված: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: