Բավ է պառակտվել
15-11-2016 11:18

Հայաստան այցելելու 13 պատճառ (լուսանկարներ)

Նախորդ շաբաթվա վերջում Հայաստանը խոստացել է թույլ տալ ռուսաստանցիներին երկիր մուտք գործել ներքին անձնագրերով: Այդ նորամուծությունը կարող է լրջորեն ազդել երկրի ճանաչողության վրա, որն արդեն առանց այն էլ վերջին տարիներին ընդգրկվում է զբոսաշրջային թոփերում:

Ահա թե ինչ է պետք անպայման տեսնել Հայաստանում:

1. Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանքից բացվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական գլխավոր լեռան՝ Արարատի հիասքանչ տեսարանը: Աստվածաշնչի համաձայն, հենց Արարատի լանջին է հանգրվանել ջրհեղեղից հետո Նոյան տապանը:

2. Մայր Հայաստան

«Մայր Հայաստան» կոթողը Երևանում կանգնեցվել է ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի: Հուշարձանի բարձրությունը 54 մետր է, դրանցից 22-ը բաժին է ընկնում հենց քանդակին:

3. Հին Երևան

Երևանում հին փողոցներն այդքան էլ շատ չեն, բայց ցանկության դեպքում փայտե տներ զարդանախշ պատշգամբներով գտնել կարելի է:

4. Հանրապետության Հրապարակ


Հանրապետության Հրապարակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի՝ 1926 թվականի նախագծով ստեղծված խորհրդային ճարտարապետության գլուխգործոց է: Հրապարակում են տեղակայվում Կառավարության շենքը, Նախարարությունների շենքը, Marriott Armenia-ն, Կապի տունը և թանգարաններ, որոնք կազմում են ընդհանուր ճարտարապետական համալիր:

5. Լավաշի պատրաստում

Էսթետիկ հատուկ հաճույք է պատճառում հայկական լավաշի թխմանը հետևելը: Այն թխվում է թոնիրներում, առավելապես դրանով զբաղվում են կանայք: Չկա ավելի լավ սնունդ, քան լավաշով փաթաթած կանաչեղենն ու պանիրը:

6. Սևանա լիճ

Հայերի համար Սևանա լիճը, թերևս, նույնն է, ինչ որ Սև ծովը ռուսաստանցիների համար: Երկրի գլխավոր ջրավազանը գտնվում է «Միմինոյում» Ռուբիկի գովերգած Դիլիջանից ոչ հեռու: Քաղաքում, որը, ըստ կինոկերպարի, երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում ծորակի ջրի մաքրությամբ, հետաքրքրություն են ներկայացնում փայտե հին տնակները:

7. Կասկադ

Երևանցիների ամենասիրված զբոսավայրերից է Կասկադը: Հսկայական շենք-շատրվանը գրավում է և մայրիկների մանկասայլակներով, և երիտասարդների և, անշուշտ, զբոսաշրջիկների: Վերևից բացվում է մայրաքաղաքի շշմեցնող համայնապատկերը: Արևոտ եղանակին այստեղից պարզ երևում է Արարատը:

8. Վերնիսաժ

Յուրաքանչյուր ուրբաթ և հանգստյան օրերին Արամի և Բյուզանդի փողոցների միջև ընկած հատվածը վերածվում է մեծ շուկայի՝ հուշանվերներ գնելու ամենալավ վայրը: Այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ սկսած ավանդական հայկական երաժշտական գործիքներից մինչև ոսկյա և արծաթյա զարդեր և պատմության ու ազգագրության գրքեր:

9. Գառնու տաճար

Առաջին հայացքից, Գառնին տեսնելիս, թվում է, թե Հունաստանում ես, ոչ թե Հայաստանում: Այն հեթանոսական ժամանակաշրջանի միակ պահպանված հուշարձանն է, որը գրեթե ամբողջովին ավերվել է 1679 թվականի երկրաշարժից և վերականգնվել է միայն խորհրդային տարիներին:

10. Տաթևի վանք

Հայաստանի գեղեցկագույն և կարևորագույն վայրերից մեկը Տաթևի վանական համալիրն է, որը հիմնվել է 906 թվականին: Այն գտնվում է Գորիս քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա և դարեր շարունակ եղել է երկրի մտավորական կենտրոնը:


11. Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրն է, որը գտնվում է Երևանի համանուն բարձունքի վրա՝ Հրազդանի կիրճի վրա: Համալիրը կառուցվել է երկար տարիներ, պաշտոնապես բացվել է 1967 թվականին:

12. Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երևանում կա մի վայր, ուր կարելի է գալ ցանկացած տրամադրությամբ, բայց այն անպայման կբարձրանա: Դա մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանն է, որը գտնվում է հին ու խաղաղ Ձորագյուղ թաղամասում:

13. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Երևանից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Էջմիածնի տաճար ընդամենը 20 կիլոմետր է, մոտ կես ժամվա ճանապարհ: Այստեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է: Փայտե առաջին տաճարը հիմնվել է 303 թվականին, քարե շենքերը՝ V-VII դարերում: