Բավ է պառակտվել
04-05-2021 21:30

Ադրբեջանից հայրենիք է վերադարձել ևս երեք հայ ռազմագերի (տեսանյութ)

Բաքվից Երևան է տեղափոխվել երեք հայ ռազմագերի։ Օդանավը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Հայ գերիների մասին
Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ստույգ քանակը, պատճառաբանելով պետական գաղտնիք լինելու հանգամանքով։

Հայաստանի արտգործնախարարությունը նշում է 188 թիվը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվում են հայտեր ադրբեջանական գերության մեջ պահվող 228 հայի վերաբերյալ։ Սոցցանցերում հայտնվում են տեսահոլովակներ, որտեղ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորները և խաղաղ քաղաքացիները ենթարկվում են ծաղրի և նվաստացուցիչ վերաբերմունքի։
Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է տուն վերադարձնել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։