Ծաղկաձորում եմ ։ Պատահականության սկզբունքով այցելում եմ քաղաքի տարբեր մասերում գտնվող հյուրանոցներ՝ տեսնելու համար արդյո՞ք զբոսաշրջիկները զանգվածային ձևով լքել են հանգստյան գոտիները։ Մտնում եմ առաջին հյուրանոցը, այստեղ մեզ ասում են, որ տնօրենը տեղում չի հետևաբար ոչ–ոք չի կարող մեր հարցերին պատասխանել։ Սակայն անզեն աչքով էլ երևում էր, որ հյուրանոցը դատարկ է։ Հաջորդ հյուրանոցում համաձայնում են հարցազրույցի, բայց առանց լուսանկարահանման։
Ասում են` երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվածներին տեղափոխել են Ծաղկաձոր՝ խուճապ սկսվեց ու հանգստացողները մեկ օրում հեռացան այստեղից։
«Վերջին այցելուներն են գնացել հյուրանոցից, այս պահին ամբողջությամբ դատարկ է, ամրագրումներ էլ չունենք։
«Շատերը վախեցել են վարակից, բայց կարծում եմ վախենալու բան չկա»։
Այցելում եմ մեկ այլ հյուրանոց։ Այդ պահին հյուրանոց են մուտք գործում հանգստացողներ։ Մեզ հետ զրույցում նշեցին, որ մտավախություն չունեն՝ ինչ տարբերություն, եթե այդ անձանց պահեին Երևանում ՝մի՞թե Երևանից պետք էր հեռանալ։ Հյուրանոցի մենեջեր Լիաննա Ամիրյանն էլ ասաց, որ խուճապը եղել է միայն առաջին օրը։
«Այս պահի դրությամբ նորմալ է, իրենք սարի գլխի վրայի հյուրանոցում են, բավականին հեռու են Ծաղկաձորի կենտրոնից։ Ամրագրումներ կային, որ չեղարկեցին, բայց չեն նշել, որ վիրուսի համար են արել։ Իսկ զբոսաշրջային սեզոնը լինում է այնքան ժամանակ, քանի դեռ ձյուն կա»։
Քայլում եմ Ծաղկաձորի փողոցներով, զրուցում եմ պատահական անցորդների հետ։ Նրանք պատմեցին, որ լուրը տարածվելուն պես բոլորը գնացին Ծաղկաձորից։
«Երեւանցիները ավելի վախեցած են, քան` ծաղկաձորցիները։ Այն օրը Երեւան էի գնացել՞ ասացի Ծաղկաձորից եմ, մեկ էլ մեկն ասում է․ վա՜յ շուտ–շուտ մասկաները դրեք։
«Պետք չի մտածել տուրիստների մասին, չէ՞ որ մենք էլ ենք էստեղ ապրում։ Չպետք է բերեին Ծաղկաձոր, ինքը էլ տուրիստական քաղաքի նման չի։ Ոչ թե չպիտի հրապարակվեր, այլ պետք է տանեին այնպիսի վայր, որ զբոսաշրջային չլիներ։ Մենք այսօր տուն պահելու խնդիր ունենք։ Ես տաքսի եմ քշում, ամբողջ օրը կանգնած եմ մի հոգի մարդ չկա»
Կոտայքի տարածաշրջանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ ասում է, որ այս ընթացքում նա և Կոտայքի մարզպետը հանդիպել են բնակիչների հետ, փարատել նրանց մտավախությունը։ Ըստ պատգամավորի` բնակիչներն ըմբռնումով են մոտեցել։ Պատգամավորը նշում է, որ տեղանքն ընտրել են կառավարության գործընկերները, քանի որ գրեթե միակ պետական օբյեկտն է, որն ուներ համապատասխան հնարավորություններ և տեղակայված էր բնակչությունից հարմար հեռավորության վրա:
««Այն տեղեկատվությունը, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, հիմա Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «եկ Ծաղկաձոր» հեշթեգը, որը կոչ է անում մարդկանց գնալ Ծաղկաձոր: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն սատարելու քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այս առաջարկից»,-ասում է պատգամավորը։
Վաղարշակ Հակոբյանը չգիտի, թե ինչ մասնավոր դեպքերի մասին են խոսում, բայց ինքը միշտ կապի մեջ է քաղաքացիների հետ, և խուճապային տրամադրություններն անցել են, այս պահին որևէ խնդիր չկա:
«Հյուրանոցների հետ կապված հարցը պետք է անհատական դիտարկել, ուզում եմ հավաստիացնել, որ ընդհանուր՝ կոմպլեքս վիճակը, նորմալ է:»,- շեշտեց պատգամավորը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ այսօր իր ՖԲ էջում գրեց, որ այցելել է հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ «Բոլորն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- հայտնել է նախարարը։
Արմինե Գևորգյան