Բավ է պառակտվել
08-10-2020 22:09

Նպատակը եկեղեցին ոչնչացնելն է․ ականատեսը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրետակոծության մասին

Այսօր թշնամին երկու անգամ հրետակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Մեզ հետ զրույցում «Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանն ասել է, որ իրենց նկարահանող խումբը հրաշքով է փրկվել։
«Սա արդեն ակնհայտ թիրախավորված հարված էր եկեղեցուն։ Սա պատահականություն չէր, նպատակը եկեղեցին ոչնչացնելն է»,– ասել է Լիլիթ Թումանյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Արմնյուզի» նկարահանահող խումբը ցերեկը ժամը 14 – ին տեղեկացել է, որ հարվածել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, որոշել է գնալ ու նկարահանումներ կատարել։
«Ճանապարհին մի փոքր հապաղեցինք, քանի որ սկսեցին մեր գլխավերևում հարվածային դրոններ թռչել։ Կանգ առանք, զգացինք, որ ինչ–որ բան պետք է տեղի ունենա։ Քիչ անց 3-րդ դրոնը սկսեց արագ իջնել ու ինչ–որ նշանակետի խփեց։ Դա մեզ հետագայում փրկեց, քանի որ մենք հասցրեցինք մտնել նկուղներ։ Մի փոքր ուշ շարունակեցինք ճանապարհը դեպի Շուշի։ Քաղաք մտնելուն պես արդեն երևում էր Ղազանչեցոց եկեղեցին, երբ մեր աչքի առաջ ևս մեկ ռումբ ընկավ»,–պատմել է Լիլիթ Թումանյանը։
«Արմնյուզի» նկարահանող խումբն առաջին օգնությունն է ցուցաբերել և վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։
Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են։
«Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», - գրել է Մովսիսյանը։
Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը Յուրի Պետրովիչ Կատյոնոկն է, որի կյանքի համար պայքարում են արցախցի բժիշկները:

 

Արմինե Գևորգյան