Բավ է պառակտվել
05-05-2022 17:39

Թուրքիան չի բացել երկինքը հայկական ավիաընկերության համար․ չեղարկվել են Երևանից Ֆրանսիա չվերթները

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA-ին չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, հայտնում է հայկական լոուքոստերի մամլո ծառայությունը։
«Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նշում է, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։

«Թռիչքների վերսկսման մասին տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված»,– ասել են FLYONE ARMENIA–ից՝ ուղևորներին առաջարկելով հետևյալ այլընտրանքները.

* Թռիչքի ամսաթվի փոփոխություն;
* Credit Shell համակարգի միջոցով գումարի 110% վերադարձ FLYONE-ում ուղևորի անձնական հաշվին. միայն կայքի կամ հավելվածի միջոցով գնված տոմսերի համար։
* Չեղարկված թռիչքի տոմսի ամբողջ գումարի վերադարձ։

«Եթե տոմսը գնվել է տուրիստական ​​գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավիաընկերության մասին

FlyOne Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է օդանավ շահագործողի վկայական։ Ընկերությունը մատչելի գնով չվերթներ է առաջարկում մի շարք ուղղություններով՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Ստամբուլ և Սոչի։

Ավիաընկերությունը չվերթներն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռներներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: