Բավ է պառակտվել
25-12-2019 17:13

«Բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի»․Ռոբերտ Քոչարյան

Երբ երկրի նախագահը բացարձակ ապօրինի անազատության մեջ է, երբ հասարակության մի փոքր հատված ատելության ոչ մարդկային կրքերով է լցված, երբ ժամանակավոր, բայց վտանգավոր իշխանության գործը ոչ թե ներկայում է, այլ անցյալում, մենք պարտավոր ենք առաջ նայել: Այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Վերջինս նշեց,որ իրենք հաղթելու են,քանի որ արդարության ,ուժեղ , կազմակերպված Հայաստանի ու հաղթանակած նախագահի համար են պայքարում։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ընթերցեց Քոչարյանի ուղերձը,որում իր երախտագիտությունն էր հայտնում աջակիցներին հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար:
«Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացի՛ր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական «բեսպրեդելի», պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի հարյուրի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է, և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկերկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի»․–ասված էր ՀՀ երկրորդ նախագահի ուղերձում։
Արդեն լրագրողների հետ զրույցում ենք Լևոն Քոչարյանը նշեց, որ ներսից գիտեն մեղադրանքների փուչ էությունը։
«Հնարավոր է որոշ ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, բայց դա երկար կյանք չի կարող ունենալ։ Չնայած կեղտոտ այս հարձակումներին՝ իշխանության կողմից ուղղորդված արշավները մեր իրական աջակիցների դեմ վկայում են այն մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգ առնել։ Բայց ոչինչ։ Չնայած նրանց այս գործելաոճին՝ այսքան մարդու միանալը, մեզ աջակցելը հույս է տալիս», - ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ այս ընթացքում արդյոք քայլե՞լ է Երեւանի փողոցներով, շփվե՞լ է քաղաքացիների հետ, ի՞նչ տրամադրվածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցի վերաբերյալ՝ Լևոն Քոչարյանը նշեց,որ վ՝ ինքը երբեք թիկնապահներով չի շրջել, Երևանի փողոցներում ազատորեն շրջել է կնոջ և երեխաների հետ։

«Երբեք նման խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս։ Հուսադրում է նաև այն, որ փողոցում ինձ կարող են մոտենալ մարդիկ, ներողություն խնդրել, որ հավատացել են ինչ-որ կեղծիքի։ Իսկ այդ կեղծիքը ինչ-որ մի տեղ ավարտվում է, հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, սակայն դա երկար կյանք չի կարող ունենալ։Սա հույս է տալիս։», - իր խոսքը եզրափակեց Լևոն Քոչարյանը։

 

Արմինե Գևորգյան