Բավ է պառակտվել
15-07-2021 15:27

Հայկական կողմը երկու զոհ է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին

Վերջին երկու ամիսներին հայկական կողմը երկու զոհ է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, հայտնել է ՀՀ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին Հավաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա», – ասել է նա հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:
ՀՀ ՊՆ տվյալներով, մայիսի 25-ին Գեղարքունիքի Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Իսկ երեկ, հուլիսի 14-ին, Արարատյան դաշտավայրի Երասխի սահմանամերձ գոտում մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային Գ․ Ալավերդյանը։
Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի լարվածության աճը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի ձևավորման հետ «սահմանային միջադեպ» է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։
Խոչընդոտող գործոնը
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին:
«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի»,- հայտնել է Փաշինյանն, ընդգծելով, որ Հայաստանը կշարունակի աշխատել հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ։
Ռազմագերիների վերադարձն՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց
Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 3-ի դրությամբ, ռուս խաղաղապահների, ինչպես նաև ԱՄՆ, ԵՄ ու Վրաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է հայրենիք վերադարձնել Հայաստանի 104 քաղաքացի և 16 ադրբեջանցի։

Ի պատասխան, որպես «բարի կամքի դրսևորում», Բաքուն Երևանից ստացավ ղարաբաղյան հակամարտության գոտում Աղդամի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների (այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից) ականապատ տարածքների քարտեզները։