Բավ է պառակտվել
02-07-2020 14:46

Գագիկ Ծառուկյանն իր դեմ ցուցմունք տված անձի հետ ունեցել է առերեսում. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ տեղի էր ունենում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը, նիստը հետաձգվել է։
« Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործով նյութերի ծավալը, դատարանն, ըստ ամենայնի, այսօր խափանման միջոցի առնչությամբ որոշում չի կայացնի։ Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս պահին քննվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքները։
«Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակված լինելն ու նիստին չմասնակցելը չի խանգարի, որ նիստը շարունակվի։ Մենք` նրա պաշտպաններս, եկել ենք, որ նիստը չհետաձգվի։ Սակայն հաշվի առնելով դատարան ներկայացված միջնորդությունների քանակը, գործի ծավալը` կարծում եմ` այսօր հնարավոր չի լինի նիստն ավարտել»,–ասաց Սարգսյանը։
Փաստաբանը նշեց նաև,որ ԲՀԿ առաջնորդը 2017 թվականի ընտրակաշառքի գործով առերեսում է ունեցել իր դեմ ցուցմունք տված անձի հետ, վերջինս հերքել է իր տված ցուցմունքը։
Սարգսյանը նշեց, որ փաստական տվյալներ չկան եւ չեն եղել Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար.
Փաստաբանի խոսքով քանի դեռ չկան հիմնավորումներ, չպետք է ենթադրություններ արվեն, քանի որ դա կանխավարկածի խախտում է համարվում.
«Հիմա թե գրասենյակում ինչ է տեղի ունեցել, այդ պրոցեսներն արդեն չեն կարող կապել Ծառուկյանի հետ։ Ասում են՝ Վարդենիսում ինչ-որ աձինք կաշառք են ստացել։ Բազմաթիվ քրեական գործեր են եղել նաեւ այլ տարածքներում ընտրակաշառքների, իսկ ո՞ր խմբակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել։ Չկա կաշառք ՝ քանի դեռ չեք հիմնավորել, չկա անձի մասնակցություն, քանի դեռ չեք հիմնավորել, իսկ այս ենթադրությունները ուղիղ անձի կանխավարկածի խախտում է»։
Նշենք, որ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով եւ իր գործով վերաքննիչ բողոքների քննությանը ներկա չէր։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։
Դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։

 

 

Արմինե Գևորգյան