Բավ է պառակտվել
02-09-2016 10:11

Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:
Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ»։

Ըստ նախագահի, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել և, թեև, դեռ շատ անելիքներ կան և՛ Արցախում, և՛ Հայաստանում, այդ անելիքն արվելու է համայն հայության ջանքերով, արվելու է ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների:

«Անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ»,– ասել է Սարգսյանը։

Նախագահը հատուկ ընդգծել է, որ ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը Արցախի ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը, ավելացնելով, որ Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ կասկածներ չկան։

«Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը: Կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,– եզրափակել է ուղերձը Հայաստանի նախագահը։ -