Բավ է պառակտվել
25-08-2021 13:25

Պատմության դասագրքերը Հայաստանում չեն խմբագրվում․ Անդրեասյանն արձագանքել է շրջանառվող լուրերին

Դպրոցական կրթության չափորոշիչների փոփոխությունները կհանգեցնեն, այդ թվում նաև՝ նոր դասագրքերի հրատարակման անհրաժեշտությանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքել է պատմության դասագրքերը խմբագրելու մասին լուրերը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Ըստ այդ լուրերի, պատմության դասագրքերում «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթներ, իբր, փոխարինվում են այլ ձևակերպումներով։
«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանն»,–ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրինագիծ, որի համաձայն փոփոխություններ են կատարվելու հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Մինչև 2022 թվականը պետք է կազմվեն և փորձարկվեն առարկաների ուսումնական ծրագրեր, ուսուցիչները պետք է անցնեն վերապատրաստում, մշակվեն ուսումնական օժանդակ նյութեր և հրատարակվեն դասագրքեր:
Դպրոցական կրթության չափորոշիչների փոփոխությունները կհանգեցնեն նաև նոր դասագրքերի հրատարակման անհրաժեշտությանը, որի արդյունքում բարեփոխմանն համար բյուջեի ծախսերը կկազմեն 4,469,665,152 դրամ: