Բավ է պառակտվել
26-08-2022 17:24

Ներկայիս տաքացումն ամենաուժեղն է վերջին 7 հազար տարվա ընթացքում․ գիտնականներ

Ուրալի դաշնային համալսարանի դենդրոքրոնոլոգներն ուսումնասիրել են Յամալի բրածո ծառերի տարեկան օղակները և պարզել, որ ներկայիս տաքացումն ամենաուժեղն է վերջին յոթ հազար տարվա ընթացքում: Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում, գրում է ixbt.com-ը։

«Արևմտյան Սիբիրի հյուսիսում վերջին տասնամյակների ամառային եղանակներն ամենատաքն էին վերջին 7000 տարվա ընթացքում: Նախորդ հազարամյակներում օդի ջերմաստիճանն աստիճանաբար, մեկ և մյուս ուղղությամբ տատանումներով իջնում էր։ Բայց 19-րդ դարում այն ​​սկսեց բարձրանալ և վերջին տասնամյակներում հասավ ամենաբարձր արժեքներին», - ասել են ՈւԴՀ-ի աշխատակիցները։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի բույսերի և կենդանիների էկոլոգիայի ինստիտուտի և Ուրալի դաշնային համալսարանի դենդրոքրոնոլոգները 40 տարի շարունակ ստեղծել են ծառերի օղակների գերերկարատև ժամանակագրություն՝ հիմնված Յամալի կիսաբրածո ծառերի տարեկան օղակների լայնության վրա։ Գիտնականները վստահ են, որ տվյալները ցույց են տալիս, որ մարդածին գործոնները ոչ միայն համալրել են կլիմայի փոփոխության վրա ազդող հիմնական գործոնների ցանկն, այլև դարձել են ավելի վճռորոշ, քան բնական պատճառները:

«Հյուսիսային կիսագնդի ենթաբևեռ լայնություններում Երկրի ուղեծրային պարամետրերի ցիկլային փոփոխությունների պատճառով ամռան ամիսներին նկատվում է արևային էներգիայի աստիճանական նվազում: Այս փուլը սկսվել է մոտ 8–9 հազար տարի առաջ և շարունակվում է մինչ օրս։ Սակայն ծառերի օղակների տվյալները ցույց են տալիս, որ 19-րդ դարի կեսերից միտումը սկսվել է փոխվել: Ջերմաստիճանը շատ արագ սկսեց բարձրանալ և վերջին տասնամյակների ընթացքում հասավ իր ամենաբարձր արժեքներին», - պարզաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի և Ուրալի դաշնային համալսարանի առաջատար գիտաշխատող Ռաշիտ Խանտեմիրովը: