Բավ է պառակտվել
25-08-2020 13:24

Արայիկ Հարությունյանը շնորհակալ գործ արած կլինի, եթե հրաժարական տա. մանկավարժ (Տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ից դպրոցները պետք է անժամկետ գործադուլ հայտարարեն: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մանկավարժ-պատմաբան Սուսաննա Մելիքյանը:

Ըստ նրա՝ ոչ մի ծնող չի համաձայնի, որ իր երեխան 45 րոպե դիմակ կրի: Նա նաև ուշադրություն է հրավիրել  700-800 աշակերտ ունեցող դպրոցներում ջերմաչափման կարգի անթույլատրելիության վրա, քանի որ դա շատ ժամանակատար կլինի: «Միթե՞ դա նորմալ է: Միգուցե այս ամենը մտածված է արվում՝ հեռավար ուսուցումը վերականգնելու համար», - հավելել է Մելիքյանը:

Իր հերթին՝ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի ուսմասվար, ավելի քան 30 տարվա դասավանդման փորձ ունեցող Արմինե Վահրամյանը շեշտել է, որ բացարձակապես անընդունելի կրթական չափանիշներ մշակած  աշխատանքային խմբերը ստեղծվել են գաղտնիության պայմաններում, և ոլորտի ոչ մի գործիչ չգիտեր այդ գործընթացի մասին: Նա քննադատել է  աշակերտների դիմակներ կրելու պարտադրանքը և ուսուցիչներին պարտադիր թեստավորելու պահանջը: «Գործող նախարարը (Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ խմբ.) շնորհակալ գործ արած կլինի, եթե հրաժարական տա», - եզրափակել է ուսմասվարը: