Բավ է պառակտվել
19-04-2021 19:49

Ադրբեջանում պահվող գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Սովորաբար կապը պահվում է նամակների միջոցով, բայց այս անգամ հնարավորություն է տրվել կապ հաստատել հեռախոսով։

Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով, ԿԽՄԿ աշխատակիցների պարբերական այցելությունները նպատակ են հետապնդում օգնել նշված անձանց կապ հաստատել ընտանիքների հետ։

Կապի ավանդական եղանակը նամակներն են, բայց երբեմն հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել հեռախոսով կամ այլ միջոցներով։

«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու Ադրբեջանում պահման փաստը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը հայկական կողմի համար շարունակում է մնալ ամենասուր խնդիրը: Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել բոլոր գերիներին, այդ թվում ՝ ծնունդով Շիրակից մի խումբ զինծառայողներ, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Անցած ժամանակահատվածում եղել է գերիների փոխանակման ընդամենը մի քանի դեպք, որի շրջանակներում հայրենիք է վերադարձել շուրջ 70 հայ զինվորական և քաղաքացիական անձ: Իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է դեռևս շուրջ 300 մարդ, սակայն Բաքուն դա չի ընդունում: