ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում են դատախազությունից։
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ:
2023 թվականի հոկտեմբերի 4-ին դատախազը հաստատել է Հ.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանն անցնում են մեկ այլ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, այն է՝ չարաշահումների և փողերի լվացման միջոցով գույքի ապօրինի օտարումը։ 2006 թվականին իրականացված հանցավոր սխեման վերաբերել է Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի ապօրինի վաճառքին (շենքը հետագայում վերադարձվել է պետական սեփականության)։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բավ է պառակտվել