Բավ է պառակտվել
11-01-2022 10:52

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել հանրապետության ՊՆ համակարգում խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված գործը, որի մեղադրյալներից մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է։

Ինչպես հայտնել են լրագրողներին գերատեսչության մամլո ծառայությունից, գործը դատարան է ուղարկվել հունվարի 7-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել «Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն» (ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին՝ «Իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր նյութական վնասներ» (ՔՕ 375-րդ հոդվածի 3-րդ մաս):

Նրա տեղակալ Ստեփան Գալստյանին, ինչպես նաև Ավետիք Մուրադյանին (ՊՆ ռազմական ավիացիայի վարչության նախկին պետ), Արտյոմ Համբարյանին (Ռազմական ավիացիոն վարչության ավիացիոն տեխնիկական գույքի ծառայության պետ) և Վլադիմիր Բաբայանին (Ռազմական ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ) մեղադրանք է առաջադրվել «Իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր նյութական վնասներ» (ՔՕ 375-րդ հոդվածի 3-րդ մաս) և «Պաշտոնեական կեղծիք» (ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով։

Մեկ այլ մեղադրյալի՝ Դավիթ Գալստյանին (զենք մատակարարող ընկերության տնօրեն, հայտնի է որպես «Պատրոն Դավո») մեղադրանք է առաջադրվել «Առանձնապես խոշոր չափերով խարդախություն» (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և «Փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով: