Բավ է պառակտվել
05-12-2022 17:39

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա մեղադրվում է 36մլն․ դրամի յուրացման մեջ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է Ռազմական ոստիկանության նախկին պետ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ քաղաքացի Ս.Գ.-ի դեմ քրեական գործ հարուցելու մասին։
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա, լինելով Ռազմական ոստիկանության աշխատակից, աշխատանքի չներկայանալով աշխատավարձի և այլ վճարների տեսքով ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 36,6 մլն դրամ։

Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականից՝ նույն բաժնի ավագ սպայի պաշտոնը։ 2000թ․ հուլիսի 1-ից 2011թ․ նոյեմբեր ժամանակահատվածում նրան որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։