Բավ է պառակտվել
14-08-2022 21:59

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նոր հրդեհի սպառնալիք կա․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի վայրում նոր հրդեհի սպառնալիք կա, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նա պարզաբանել է, որ չնայած կրակը գրեթե մարված է՝ քամու պատճառով նոր հրդեհի վտանգ կա։

Նրա խոսքով, նոր պայթյունների վտանգը փոքր է, «քանի որ այն ամենը, ինչ կարող էր պայթել՝ պայթել է», կա լոկալ պայթյունների փոքր հավանականություն։

Նախարարը նշել է, որ դրա պատճառով հրշեջները դեռ չեն կարողանում մոտենալ պայթյունի էպիկենտրոնին, իսկ հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են հեռվից։

Փամբուխյանը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր, լուսավորությունն արդեն տեղադրված է։

«Փլատակների տակից ողջ մարդկանց հանելու հավանականություն կա», - պարզաբանել է նա:

ԱԻՆ ղեկավարը նշել է, որ այս պահին նախարարության ուժերը բավարար են աշխատանքներն իրականացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միացել են մարզային ստորաբաժանումների փրկարարները։

«Երևանի և մարզերի փրկարարները հերթափոխով միանում են»,- պարզաբանել է Փամբուխչյանը։

Կիրակի ժամը 13.23-ին Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 61 մարդ։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով, աշխատանքներում ներգրավված է քաղաքապետարանի 14 ջրատար, 8 բեռնատար և 3 տրակտոր, ինչպես նաև 21 մարտական ​​հաշվարկ։ Պայթյունից տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, ինչպես նաև «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «Էրեբունի» բժշկական կենտրոններ և Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տուժածների մասին տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով 911 թեժ գծին։