Բավ է պառակտվել
01-10-2021 12:41

“Հայաստանի մասնատման սպառնալիք”․ հայ քաղաքական գործիչն՝ այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” մասին

Արման Աբովյանը կարծում է, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի Սյունիքում կոմունիկացիաների թուրքական վերահսկողության հետ։

Ադրբեջանին ու Թուրքիային Սյունիքում իրենց իսկ կողմից վերահսկվող միջանցքի տրամադրումը Հայաստանի մասնատման առաջին փուլը կդառնա, եթե, իհարկե, նման որոշում կայացվի: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում ասուլիսի ժամանակ ասաց խորհրդարանի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

Քաղաքական գործիչը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը լուրջ փոփոխությունների է ենթարկվել. Դրա վառ ապացույց կարելի է համարել թուրքական ռազմական հրամանատարության մշտական ներկայությունը Բաքվում:

Այս պայմաններում Անկարա-Բաքու տանդեմին հայկական Սյունիքով միջանցքի հիփոթետիկ հանձնումը Թուրքիայի համար էքսպանսիայի նոր հնարավորություններ կբացի դեպի մերձկասպյան տարածաշրջան և Կենտրոնական Ասիա: Աբովյանը կարծում է, որ պետք է լուրջ վերաբերվել թուրքական ղեկավարության պանթյուրքական ծրագրերին, կայսերական «բարքին»: Նա նշել է, որ նոյեմբերին Թուրքիայի նախագահը մտադիր է հայտարարել այսպես կոչված. «Թյուրքական պետությունների միության» ստեղծման մասին: Դրան կհաջորդի այսպես կոչված «Թուրանի բանակի» ստեղծումը, որի մասին նույնպես երկար ժամանակ է, ինչ խոսում է թուրքական իսթեբլիշմենթը:

«Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որ Թուրքիան բավականին ակտիվ աշխատում է այս պանթյուրքիստական, համաօսմանյան դաշինքի ձևավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ Սյունիքով անցնող ճանապարհը, կամ, ինչպես իրենք են ասում՝ միջանցքը, կենսական նշանակություն ունի թուրքերի համար: Բայց այս ճանապարհը նույնքան կարևոր է նաև Իրանի և Ռուսաստանի համար, որոնք նույնպես հասկանում են, որ Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան ի վերջո կլուծի «Հայկական հարցը» թուրքական սցենարով», - ասաց Աբովյանը:

Նրա խոսքով, այս սցենարը կնշանակի դուրս մղել ռուսական ներկայությունը, գործոնը Հարավային Կովկասից, իսկ հաջորդը կարող է լինել Հյուսիսային Կովկասը: Այս ամենից ելնելով դժվար չէ կռահել, որ Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէ «միջանցքի» ձևաչափը: Աբովյանը համոզված է, որ այս հարցը քննարկվել է վերջերս Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպմանը, և կողմերը չեն եկել և չէին կարող գալ ընդհանուր հայտարարի: Ռուսաստանի և Թուրքիայի շահերն այնքան են տարբերվում տվյալ իրավիճակում, որ անիմաստ է խոսել որևէ շփման կետի մասին:

Նկատենք, որ վերջին ամիսներին Բաքուն ու Անկարան բազմիցս խոսել են Հայաստանի տարածքով այսպես «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին: Երևանի իշխանություններն իրենց հերթին նշում են, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակմանը, և որևէ հատուկ միջանցք հայկական տարածքով Ադրբեջանը չի ստանա: