Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա Հայաստանի զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում, հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մարտի 25-ին BBC լրատվական ծառայությունը հրապարակեց տեսանյութ, որը փաստում է Մեխակավան (Ջեբրաիլ) բնակավայրի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը, որը տեղի է ունեցել այդ տարածքտն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո: Այդ նույն եկեղեցին պղծվել էր Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ:
Մարտի 17-ին հայտնվեցին տեղեկատվություն և արբանյակային պատկերներ, որոնք վկայում էին, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշի քաղաքում գտնվող հայկական «Կանաչ ժամ» եկեղեցին:
Աբրահամյանի խոսքով քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ։
«Այս քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց Ադրբեջանական զինուժի վերահսոկղության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով», - նշվում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունում:
Բավ է պառակտվել