Բավ է պառակտվել
02-02-2022 12:39

Սևանի մակարդակը մեկ տարում նվազել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակն ընթացիկ տարվա հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սմ-ով և հունվարի 30-ի դրությամբ կազմել է 1900.39 մ, ինչը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հաղորդվում է նաև, որ հունվարի 24-30-ը Արփա-Սևան ջրանցքով լիճ մտնող ջրի ծավալը կազմել է 1 268 մլն մ3, իսկ 2022 թ.-ի հունվարի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` 7 338 մլն մ3։

Ըստ գերատեսչության ներկայացրած Սևանի ջրի մակարդակի գրաֆիկի` 2012-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 30-ի դրությամբ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2013 թ.-ին (1900.09 մ), իսկ ամենաբարձրը ՝ 2021 թ.-ին (1900.52 մ):

Նախորդ տարվա փետրվարին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացված տվյալների համաձայն՝ 2021 թ.-ին գրանցվել է Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում:

2021 թ.-ի օգոստոսին խորհրդարանը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որի նախատեսվում է 2021 թ.-ի ոռոգման շրջանում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումների տարեկան առավելագույն ծավալը սահմանել 245 մլն մ3 նախկին 170 մլն մ3-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2017 թ.-ին չոր եղանակի պատճառով ջրբացթողումների ծավալն ավելացել է 100 մլն մ3-ով՝ գերազանցելով նախատեսված 170 մլն մ3-ին։ Նույն ծավալով էր նախատեսված նաև 2018-ին, սակայն օգոստոսի 29-ին ԱԺ-ն հավանություն տվեց մինչև 210 մլն մ3 ջրբացթողումների ծրագրին։ 2020 թ.-ին բացթողումների ծավալը չի գերազանցել թույլատրելի սահմանը։

Սևանա լիճ

Սևանա լիճը հայաստանցիների ամենահանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններից և հանգստի վայրերից մեկն է, հատկապես ամառային սեզոնին։

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է։ Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում, ծովի մակարդակից 1914 մ բարձրության վրա և հանդիսանում է Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկը։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, նրա հայելու մակերեսը կազմում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր:

Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ջրավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2 776 քառակուսի կիլոմետր: Նախատեսվում է 2030 թվականին լճի մակարդակը բարձարացնել մինչև օպտիմալ 1903,5մ։