Բավ է պառակտվել
31-10-2019 15:04

Պարզվել է Կապանում Ողջի գետի աղտոտման ենթադրյալ մեղավորը, հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում Ողջի գետի աղտոտման և “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) խողովակաշարին վնաս պատճառելու փաստի առթիվ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, թունավորում կամ վարակում)։

Հիմք ընդունելով Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից մարզային դատախազի հանձնարաությամբ պատրաստված նյութերը, պարզվել է, որ ԶՊՄԿ աշխատակցի կողմից խախտվել են արտադրված թափոնների տեղափոխման կանոնները, ինչը հանգեցրել է Ներքին Գետաթաղ գյուղի տարածքով անցնող 1020 մմ տրամագծով խողովակի վնասմանը: Արդյունքում, խողովակաշարով հոսող արդյունաբերական թափոնաջրերը թափվել են Ողջի գետն՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայրը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Կպարզվեն դեպքի հանգամանքներն ու պատճառները, և կորոշվի պատճառված վնասի ամբողջական վերջնական գումարը: