Բավ է պառակտվել
02-06-2021 19:24

Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված տղամարդու ինքնությունը (լուսանկարներ)

Իրավապահ մարմինները պարզել են օրը ցերեկով Երևանի կենտրոնում սպանված տղամարդու ինքնությունը։

ՔԿ մամլո ծառայությունը հայտնում է, որ հունիսի 2-ին, ժամը 10։58-ին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանության մասին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

«ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.»,- հայտնել են ՔԿ-ից:


Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: