Բավ է պառակտվել
16-08-2022 11:40

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. ԱԻՆ

Երեքշաբթի ժամը 11:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, տեղեկացրել է ԱԻՆ մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ըստ նրա՝ նրանց թվում են հղի կին և երեխա, որոնց մարմինները փլատակների տակից դուրս են բերվել այս գիշեր։

«Անհայտ կորածների թիվը կրճատվել է 10-ի, նրանց թվում կա Իրանի և Ռուսաստանի մեկական քաղաքացի»,- ասել է Կոստանյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը՝ հետագա բռնկմամբ տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, ժամը 13.23-ին։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

Ըստ ԱԻՆ-ի՝ բժշկական կենտրոններ է դիմել պայթյունի և հրդեհի հետևանքով տուժած 60 մարդ, նրանց մեծ մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Տեղում աշխատում են շուրջ 100 հրշեջ և փրկարար, Կարմիր Խաչի, ՈՄԱ ՀԿ-ի, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կամավորներ, բժիշկներ և հոգեբաններ, ներգրավված են հրշեջ-փրկարարական տեխնիկա, ջրատարներ, սանդուղքներ, տրակտորներ, ինքնաթափ մեքենաներ։