Բավ է պառակտվել
08-11-2021 17:20

Utair-ը ուղիղ չվերթեր կգործարկի Երևանի և Սոչիի միջև

Utair ավիաընկերությունը նոյեմբերի 17-ին և 20-ին կիրականացնի երկու ուղիղ չվերթ դեպի Երևան (Հայաստան) Սոչիից և Տյումենից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ավիափոխադրողի մամլո ծառայությունը։

«Նոյեմբերին Utair-ը երկու նոր չվերթ կբացի դեպի Երևան՝ Սոչիից և Տյումենից։ Ավիաընկերությունը կշարունակի թռիչքները դեպի Հայաստանի մայրաքաղաք նաև Մոսկվայից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Սոչիից չվերթը կսկսվի չորեքշաբթի՝ նոյեմբերի 17-ից, իսկ Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին։ «Utair-ը մինչ համաճարակը միշտ ուղևորափոխադրումներ է իրականացրել դեպի Երևան։ Եվ նույնիսկ սահմանափակ ավիափոխադրումների ժամանակաշրջանում մենք չդադարեցրինք թռիչքները դեպի Հայաստան՝ կատարելով մեր երկրները կապելու կարևոր թռիչքներ։ Ավիացիոն իշխանությունների հետ պայմանավորվածությամբ՝ նոյեմբերին մենք ներդնում ենք դեպի Երևան նոր երթուղիներ՝ Սոչիից և Տյումենից, ինչպես նաև շարունակում ենք թռիչքները Երևան-Մոսկվա ուղղությամբ»,- Utair-Passenger Airlines-ի նախագահ Օլեգ Սեմենովի խոսքերն են մեջբերվում հաղորդագրության մեջ:

Այս պահին, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկությունների, Տյումենին ամենամոտ քաղաքները, որտեղից հնարավոր է ուղիղ չվերթ դեպի Երևան, Եկատերինբուրգն ու Չելյաբինսկն են։

Utair-ը Ռուսաստանում չորրորդ ամենամեծ ավիաընկերությունն է Aeroflot-ից, S7-ից և Ural Airlines-ից հետո։ 2020 թվականին նա տեղափոխել է 4,8 միլիոն մարդ։ Utair-ի խոշորագույն բաժնետերերն են «Սուրգութնեֆտգազ»-ի կառույցների կողմից ստեղծված «ԱԿ-ինվեստ» ընկերությունը (50,1%), Խանտի-Մանսի ինքնավար շրջանը (38,8%) և Տյումենի մարզը (8,4%):