Բավ է պառակտվել
20-01-2021 13:21

«Հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանների աջակիցն եք». Խաչատուրով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին խոսեց Ռոբերտ Քոչարյանը։ Ասաց՝ ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս, ասում է՝ «էս տները պետք է ազատեք»։
«Ու մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմաննեը պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե՞ Մարտի մեկին։ Կարող եք ինձ բացատրել», - ասաց Քոչարյանը, հավելելով որ կարող է ժամերով նման օրինակներ թվարկել։ «Հետևաբար այս ֆոնի վրա այս մեղադրանքը ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի է»։

Նա ընդգծեց՝ պետականությունը վարկաբեկվել է։
«Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ. ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը իր պատմության մեջ երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում։ Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են,արագ սեղանը փակում մկան ծակը փնտրում են, որ չերևան», - ասաց Քոչարյանը։

ՀՀ նախագահը նշեց, որ այս ամենը սկսեց հենց այս քրեական գործից, «Ինչ վերաբերվում է դատախազին, ինձ համար որպես տղամարդ անընդունել է այդ լաչառությունը, գոռգոռալը։ Բան եմ ասել, այո կարող էր ընդմիջմանը մոտենալ և հանգիստ զրուցել։ Այս ինչ պահվածք է․․․ Իսկ դա գիտե՞ք որտեղից է գալիս․․․ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ գործով ամբաստանյալ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ իր հերթին ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։
«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, ամենահետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր մեղավոր են դրանում, ասում են նրանց որ մեզ բանտ նստեցնեն, ինչպե՞ս կարող է սա չվրդովվեցնել, հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանների աջակիցն եք », - ասաց Խաչատուրովը։

Արմինե Գևորգյան